Աշխարհահռչակ ՀԱՅ լուսանկարիչ, ով արժանացել է «World Press Photo»-ի և «Venus»-ի բարձագույն մեդալներին. ՆՐԱ նկարները երազում էին տեսնել աշխարհի խոշարագույն քաղաքներում

Հայ հռչակավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: 

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:

 Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն: 

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Ռիգայում, Լենինգրադում, Մոսկվայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սալոնիկում, Լոնդոնում: Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:

Մրցանակներ

  • «World Press Photo»-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963 թ.
  • «World Press Photo»-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965 թ.
  • «World Press Photo»-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966 թ.
  • «World Press Photo»-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968 թ.
  • «World Press Photo»-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969 թ.
  • «World Press Photo»-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971 թ.
  • «Venus» միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971 թ.