Հենց այս ՀԱՅՆ է Մատենադարանի դիմաց տեղադրված հայտնի քանդակների հեղինակը. ճանաչե՛ք մեր ժողովրդական նկարչին, ում գործերը գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում

Հայ քանդակագործ Ղուկաս Գրիգորի Չուբարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 6-ին Երևանում:

Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա նաև` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որից հետո հինգ տարի դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1978թ-ից` պրոֆեսոր):

Ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ և մոնումենտալ այլ ստեղծագործություններ: Կերտել է ժամանակակիցների ու պատմական անձանց դիմաքանդակները` «Անահիտ» (1952թ.), «Ասպետը» («Զոդողի գլուխը», 1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1967թ.), «Կոմիտաս» (1977թ.), «Ալեքսանդր Սպենդիարյան», (1957թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Եղիշե Չարենց», (1957թ.), «Հովհաննես Հովհաննիսյան», (1959թ.) և այլն:

Ուշագրավ է 1960-80թթ ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը` «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960-80թթ) և «Մխիթար Գոշ» (1967թ.) հուշարձանները, որոնք Երևանի Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով:

ghukas chubaryan

Քանդակագործի «Լույս իջնի վրադ» (1985թ.) հորինվածքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների մայրերին: 1994թ. ստեղծել է Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և արտասահմանյան այլ պատկերասրահներում:

Արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է 2009 թվականի մարտի 23-ին Երևանում: