Ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից.

Հայ մտածող–գիտնական, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ բազմազան գծերով արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը։

Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ Աստծուց։ Սակայն, հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։

Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագրվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։