Գիտե՞ք թե ով է պահպանել «Հայ օրենսդիրի» մասին ողջ տվյալները. Ինչո՞ւ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԸ չէր ուզում մասնակցել Անիի եկեղեցական ժողովին.

Հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն, հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ՝ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են, որ նա ծնվել 1120-30-ական թվականներին։ Կրթվել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։

Այնուհետև Մխիթար Գոշը մեկնել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացել է Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։ Այդ մասին վկայում է նաև Մխիթար Գոշը։

Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ՝ Խաչեն, այստեղից էլ՝ Հին Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք, այժմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ Մխիթար Գոշը չի ուզում մասնակցել հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը, դիմեցին Մխիթարին՝ նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս, տեղի տալով հոգևորականների խնդրանքին, ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին՝ ասելով․ «Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն»։