«Իշխանությունները ոնց թևաթափ արին էս ժողովրդին, Արցախն էլ կտան, միայն թե իշխեն». ահա թե որն էր մեծն գրող Համո Սահյանի բարկության պատճառը

Համո Սահյանի վերջին մտորումներից
1992թ.

Այս տարվա փետրվարին, հիմա էլ այս դեկտեմբերին եմ հարցնում՝ ի՞նչ եմ անելու, էս անտեր ցուրտն էլ մյուս կողմից է վրա տվել: Ազգի վիճակը և այս ցուրտը համահունչ են: Գրել եմ.

Ես նախանձում եմ հոսող ջրին.
Ինքն իրեն մաքրում և մաքրվում է:
Օրհնաբանենք այս օրենքը հին
Եվ ապրենք, քանի դեռ ապրվում է:

Հիմա էլ ասում եմ՝ եթե ապրվի, կապրենք: Այս դժոխքում էլ կապրենք:

Բայց, թե խնդիրը մեր ապրելը չէ, վաղն ի՛նչ է լինելու, սա է խնդիրը, մենք այսօր ի՛նչ ենք անում վաղվա համար: Ասենք, հաց ստացանք, կարագով, կաթի փոշով օգնեցին, հետո՞: Արտադրություն պիտի լինի: Որպեսզի երկիրն ապրի, ազգն ապրի: Մենք ունեինք…չլսեցին, փակեցին: Ճակատագրական սխալներ թույլ տվին…

Չեմ հաշտվում մեկ ուրիշ բանի հետ էլ՝ մեր բարձունքներն ինչու՞ թուրքի ձեռին լինեն: Երկիրը, վերջապես, հետևակն է գրավում: Էդ սարերիդ գլխին որ նստես, թշնամին չի կարող մոտենալ: Քո գագաթին նստած՝ քո գյուղերն ու քաղաքները ավերում են:

…Մեր սարերը, մեր լեռները, մեր գագաթները պիտի մեզ պաշտպանեն: Մեր լեռներն են մեր ամենամեծ հարստությունը: Գալու են բախվեն էդ քարին:

Մենք չկարողացանք պաշտպանել մեր սարերը, իրենք են մեզ պաշտպանում: Երեք գագաթ էր գրավել Նժդեհը և էդ երեք գագաթով երեք բանակ ջախջախեց:

…Սրանք /իշխանությունները/ ո՜նց թևաթափ արին էս ժողովրդին: Էս անկախությունից, էս ազատությունից, էս դեմոկրատիա կոչվածից գողերն, ավազակներն առավել են օգտվում: Ի՛նչ է լինելու հետո…
Արցախն էլ կտան, միայն թե իշխեն…

hamo sahyan

Ի՜նչ զարմանալի հանգստություն է Երևանում, մինչդեռ Զանգեզուրը վտանգի մեջ է: Եթե Պարսկաստանի հետ կապը կորցրինք, եթե Մեղրիին կորցրինք, ոչ հայ ազգ կմնա և ոչ էլ՝ հայկական պետություն կլինի:

Ռուսաստանը գլխի է, բայց ի վիճակի չէ: Օգտվեցինք մեր հնարավորություններից, կդառնանաք բերքի, բարիքի երկիր: Միայն ստացած մաքսով կարող ենք ապրել: Թուրքն ուզում է Միջերկրական ծովից մինչև Չինաստան տարածվել: Ռուսաստանը զգում է՝ թուրքը այդ ճանապարհով գնաց, վերջ, Ամերիկան էլ է գլխի: Իրանի հարցն է: Ամերիկան առայժմ նախընտրում է թուրք-թուրանը, քան Իրանը: Թուրքը մեզ օգնում, զբաղեցնում է, որպեսզի ժամանակ շահի, հանգստացնի: Թուրքը մեզ հետ խաղում է՝ հանկարծ Իրանը մեջտեղ չգա: Թուրքը ի վերջո խաբելու է: Աշխարհին քաղաքակիրթ երևա, էդ էլ կա: Մնում է մեր իշխանությունները գլխի ընկնեն…

Բոլոր իշխանություններն էլ ոտից գլուխ կեղծիք են: Չեն հանդուրժում ճշմարիտ խոսք: Իսկ ճշմարտությունը արվեստի մեջ է: Կեղծիքի և ճշմարտության կռիվ է, ուրիշ ոչինչ:
Ում ասես առաջ կգցեն, միայն թե՝ իսկականը չլինի: Ժողովրդի զայրույթից առավել, գրողի ճշմարիտ խոսքից են վախենում:
Մեծավորները չեն ներում մեծին…

Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումից