«Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի». գիտե՞ք, թե ինչու է ռուս սիրված գրողը նման բան ասել Համո Սահյանին
…Պոեզիան: Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ՝ ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է թողնում: Չիմանալով քնարերգուի անկետային տվյալները՝ ես ամեն ինչ, կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան աշխարհի մասին: Տաղանդի ուժով և վարպետությամբ Դուք ինձ ստիպում եք հետևել Ձեր հոգեկան աշխարհին: Մենք նստած ենք դեմ դիմաց և զրուցում ենք: Մեջտեղում՝ մեր միջև, Ձեր գիրքն է:
…Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:
…Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ նաև՝ ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել: Քար: Եզ: Քարափ: Մասրենի: Թռչուն: Ամպ: Արևմուտ: Ճանապարհ: Երգ: Այգաբաց: Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները: Դուք վերցնում եք դրանք իբրև բնության պարգև: Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը: Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը:…Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը բնությունը, ձուլվել նրա հետ:
…Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր բարի գործերը, նորից ձուլվի բնությանը…
Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ եթե հանդիպեի նրան փողոցում (իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է), կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է:

Դուք խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ՝ բնանկար: Այստեղ բնանկարը և խմբանկարը (մայրը և երեխաները օրորոցում) ձուլվում են իրար:
Խոսելով կտավի մասին՝ ես պետք է խոսեմ նաև գույների մասին: Դուք գույների վարպետ եք: Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ: Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո՝ կարմիր, հետո՝ դեղին, իսկ հետո՝ սպիտակ: Քամիների մի ամբողջ գամմա: Եվ դա խաղ չէ: Ձեր քամին կապույտ է(այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է):
…Կարդալով Ձեզ՝ ես ուրախացա, որ Հայաստանում՝ տաղանդներով աներևակայելիորեն հարուստ Հայաստանում, կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք…
Լև Օզերովի նամակը՝ Համո Սահյանին