«Դա Գորբաչովը չէ: Այդ Դևն է խաղում ձեզ հետ». ՀԱՅ ՀԵՐՈՍ, ում թշնամին վախից «Դև» էր կոչում. նա ռացիայով միանում ու ծաղրում էր ադրբեջանցիներին

Դավիթ Էդուարդի Սարապյանը, ում թշնամին «Դև» էր անվանում, Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ և գրող է։ Ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։

Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։

Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։

Դևը սիրում էր կատակել ադրբեջանցիների վրա ռադիոյով։ Նա կարողանում էր նմանակել տարբեր մարդկանց՝ փոխելով իր ձայնը: Մի անգամ փոխհրաձգության ժամանակ Դևը միացավ հակառակորդի ռադիոյին ու ասաց.«Սիրելի ընկերներ, ադրբեջանցիներ, Խորհրդակցելով Ռաիսա Մաքսիմովնայի հետ, մենք որոշեցինք շնորհավորել Ձեզ գարնանային գիշերահավասարի օրվա կապակցությամբ»: Սկզբում ադրբեջանցիները լռեցին, լռությունը տևեց մի քանի րոպե, հավանաբար, հետաքրքրությամբ լսում էին ու մտածում, թե ինչ է անում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայերի դիրքերում։ Սակայն ադրբեջանցի հրամանատարներից մեկը անմիջապես կապվել է իրենց դիրքերի հետ ու ասել.«Դա Գորբաչովը չէ: Դևն է փորձում նյարդայնացնել ձեզ»