Այս մեծանուն ՀԱՅԻ շնորհիվ Անդրկովկասում տարածվեց ՀԱՅԿԱԿԱՆ արվեստը. լսե՛ք Ռոզի Արմենի կատարմամբ կոմպոզիտորի ստեղծած չքնաղ երաժշտությունը

Կոմպոզիտոր, դիրիժոր Դանիել Ղազարյանը ծնվել է 1883 թվականին Շուշիում:

1911թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, 1921թ.` կոնսերվատորիան: Եղել է ուսուցիչ, Անդրկովկասի հայկական շրջաններում տարածել խմբերգային արվեստը, երաժշտական ստուդիաներ հիմնել Բաթումում (1922թ.), Լենինականում (1924թ.):

1933թ-ից Երևանում զբաղվել է խմբավարությամբ և մանկավարժական-մեթոդական աշխատանքով:

Նրա ստեղծագործությունը կարևոր տեղ է գրավում հայ երաժշտության մասսայական ժանրերում` մանկական երաժշտական պատկերներ, երգեր, դաշնամուրային և նվագախմբային հանրամատչելի պիեսներ, քայլերգեր և այլն:

Լայն ժողովրդականություն են վայելում «Սոս և Վարդիթեր» երաժշտականացված դրամայի հատվածները, մասնավորապես քաղաքային ժողովրդաերաժշտական ոճի վրա հիմնված երգ-ռոմանսները (Ա.Իսահակյանի «Ուռին», «Սար դարդեր», «Քույր իմ նազելի», Վ.Աղասյանի «Լանջեր մարջան» և այլն):

Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական շքանշանով: 1944թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի, 1945թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում 1958 թվականին: