ՀԱՅԿԱԿԱՆ հարուստ ընտանիքի դուստր, աշխարհում ԱՌԱՋԻՆ կին օվկիանոսագետը. տեսեք, թե իր կտակի համաձայն ՆՐԱ աճյունափոշին որտեղ են սփռել

Oվկիանոսագետ, լուսանկարիչ, բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) ծնվել է 1899 թվականին Փարիզի Էրմոն համայնքում, հայկական հարուստ ընտանիքում:

Նա եղել է աշխարհում առաջին կին օվկիանոսագետը, մանկաբարձ Լեոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրը։ Ընտանիքը շատ է սիրել ճանապարհորդել։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սերը ծովի և գրքերի հանդեպ։

1914թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստան է գտել Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917թ. կատարել է իր առաջին լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

Պատերազմից հետո բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հասել հաջողության։ 1927թ. ամուսնացել է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։ Սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցել՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկան, կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ 1939թ., 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվել է Արկտիկա:

Այս ուղևորության ընթացքում եզրահանգել է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։ 1941-43թթ ձկնորսանավով երթևեկել է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմել է քարտեզներ, նկարագրել է ձկների նոր տեսակներ։

1943թ. Ալժիրի կառավարությունը նրան պատվիրել է ուսումնասիրել Հարավային Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, և մոտ 10 տարի նա զբաղվել է Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի հետազոտությամբ։ Ուսումնասիրել է օվկիանոսի հատակը, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև՝ տեղի ձկնորսության ավանդական մեթոդները։ Նրա գիտական խորհուրդները կոչված էին վերարտադրության համար պահպանել բավարար ձկնային ռեսուրսներ և կանխել ձկնորսության վայրի մեթոդները։

1952թ. վերադարձել է Փարիզ, որտեղ պայմանագիր է կնքել հրատարակչի հետ, որը պատվիրել է նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։ 1960թ. առաջարկել է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ 1971թ. հրապարակել է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Առաջարկել է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում բալանսի պահպանմանը։

Բազմաթիվ համագումարների, կոնֆերանսների և ֆորումների ժամանակ ելույթ է ունեցել ծովային աշխարհի պահպանման օգտին: Աշխատություններից են՝ «Տաք ծովերի հսկաները» (1957թ.), «Օվկիանոսը կերտողները» (1993թ.), «Օվկիանոսները, կենդանիներն ու մարդը» (1999թ.) և այլն։ Մահացել է Ֆրանսիայի Դուարնե քաղաքում 1997 թվականին։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։