ՀԱՅ, ում նմանը ողջ ԽՍՀՄ-ում չկար. հռչակավոր «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը» նկարել է Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի բոլոր ժամանակների լավագույն նկարները

Դմիտրի Արշակի Նալբանդյանը Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս է եղել։ Ստալինյան երկու և Լենինյան մրցանակների դափնեկիր։ Ջավահառլալ Ներուի անվան մրցանակի դափնեկիր (1970)։ 1948 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Դմիտրի Նալբանդյանը եղել է կերպարվեստում սոցիալիստական ռեալիզմի մեթոդով ստեղծագործած ամենահամբավավոր վարպետներից մեկը, խորհրդային դարաշրջանի այսպես կոչված՝ պաշտոնական դիմանկարիչներից թերևս առավել նշանավորը։ Ստեղծել է նաև մեծածավալ պատմա-դիմանկարային պատկերներ, նատյուրմորտներ, բնանկարներ։

1929 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան (աշակերտել է Եղիշե Թադևոսյանին ու Լանսերեին), որից հետո աշխատել է Պետկինոյում, ապա՝ Օդեսայի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1931 թվականին տեղափոխվել է Մոսկվա։

Առաջին հերթին ճանաչվել է որպես խորհրդային շքահանդեսային դիմանկարի վարպետ, ստեղծել է խորհրդային կուսակցական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների, այդ թվում՝ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի դիմանկարները, որի համար էլ արվեստագետների շրջանում նրան անվանել են «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»։

1978 թվականին հայ մշակույթի ականավոր գործիչների «Վերնատուն» խմբակային դիմանկարի համար Դմիտրի Նալբանդյանին, ով 1953 թվականից ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր, շնորհվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ։

Դմիտրի Նալբանդյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 3-ին, Մոսկվայում, սրտի սուր անբավարարությունից։ Թաղվել է Նովոդևիչիե գերեզմանատանը: Մահից մեկ տարի առաջ նա իր ստեղծագործությունների հավաքածուի մի մասը նվիրել է Մոսկվա քաղաքին, որի հիման վրա Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարությունը որոշում է ընդունել ստեղծելու «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի թանգարան-արվեստանոց»։

Հետագայում նկարչի քույրը՝ Մարգարիտա Նալբանդյանը եղբոր որոշ աշխատանքներով համալրել է նվիրաբերված հավաքածուն։ Ներկայումս այդ թանգարան-արվեստանոցը հանդիսանում է մոսկովյան «Մանեժ» թանգարանա-ցուցահանդեսային միավորման կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը։