Չլքելով բարձունքը՝ 3 ընկերների հետ պահել է մերոնց, որ կարողանան նահանջել, բայց իրեն բաժին է հասել դիպուկահարի կրակոցը». ճանաչենք ՄԵՐ ՀԵՐՈՍ Հակոբին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Հակոբ Գագիկի Բողարյան:

Մեր հերոս Հակոբը ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում: Նրան բոլորը Սևո էին ասում: Զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով, ջրային մակույկի չեմպիոն էր: Բայց ժամանակն էր պարտքը հայրենիքին տալու ու 2019 թվականին Հակոբը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Ջրականում: Ու սեպտեմբեր 27… սկսվում է չարաբաստիկ պատերազմը:

Հերոս Հակոբը հենց առաջին ժամերից կռիվ էր տալիս: Հոկտեմբերի 5-ին, չլքելով բարձունքը, 3 ընկերների հետ ապահովել է մերոնց թիկունքը, որ կարողանան նահանջել: Բայց հենց այս օրն էլ զոհվել է ընկերների հետ դիպուկահարի կրակոցից: Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: