Փշաքաղվելու դեպք. 20 տարի դադարից հետո Թուրքիայի 371-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցում մատուցվեց ՊԱՏԱՐԱԳ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372-ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։

Քալե թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թ-ին։ Եկեղեցին 1915 թ-ին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թ-ին այն վաճառվել է հայկական համայնքին։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2004 թ-ին։ Շուրջ 20 տարի, սակայն, եկեղեցում պատարագ չի մատուցվել։ Գավառում այժմ գրեթե հայեր չեն բնակվում։20 տարի անց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մատուցված այս պատարագին մասնակցել են գավառում գտնվող երկու հայ ընտանիքներ և որոշ հայեր, որոնք եկած են եղել Դիարբեքիրից, Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից և Թուրքիայի այլ վայրերից։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պատարագից հետո եկեղեցու պահպանման և խնամքի համար շնորհակալություն է հայտնել գավառապետ Էվրեն Չաքըրին։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը տարբեր պատճառներով ստիպված է եղել արտագաղթել, տարածվել աշխարհի տարբեր կողմերում և այդ պատճառով է, որ շատ հայկական եկեղեցիներ մնացել են առանց իրենց տերերի։

Մաշալյանը գոհություն է հայտնել Աստծուն, որ Դերիքի Սուբ Գևորգ եկեղեցին չի փակվել և բաց է մնացել, քանի որ միշտ եղել են և կան մարդիկ, որոնք նույնացրել են իրենց եկեղեցու հետ։

Պոլսո Հայոց պատրիարքն այնուհետև այցելել է նաև Մարդինի ասորիական Դեյրուլզաֆերան վանք։