ՀԱՅ կոմպոզիտոր, ով մեծ դեր է կատարել սովետական երաժշտության զարգացման ու խորհրդային մի շարք կոմպոզիտորների դաստիարակման գործում. ճանաչե՛ք մեր վաստակավոր գործչին

Հայ կոմպոզիտոր Քրիստափոր Ստեփանի Քուշնարյանը (Կուշնարյով) ծնվել է 1890 թվականին Սիմֆերոպոլում: Երաժշտական կրթությունն սկսել է Թիֆլիսի ուսումնարանում (ջութակ), ապա ընդունվել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, հետագայում նաև՝ Լենինգրադի կոնսերվատորիան՝ Ա.Ժիտոմիրսկու կոմպոզիցիայի դասարանը:

Մի քանի տարի դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում: Կոմպոզիցիա և պոլիֆոնիա է դասավանդել Լենինգրադի կոնսերվատորիայում (1939թ-ից` պրոֆեսոր), նշանակալից դեր կատարել սովետական երաժշտության ուսումնական հաստատություններում տեսական առարկաների ծրագրերի նորոգման և դասավանդման նոր մեթոդներ ստեղծելու ուղղությամբ, դաստիարակել Սովետական Միության տարբեր հանրապետությունների մի շարք կոմպոզիտորների և երաժշտագետների:

Ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները: Եղել է Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Եղել է պոլիֆոնիկ երաժշտության ոճերի և Արևելքի ժողովրդական երաժշտության հմուտ գիտակ: Հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գծերը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը:

qristapor qushnaryan

Շարունակել է Կոմիտասի տեսական դրույթները: Նշանակալի ներդրում է ունեցել հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում: Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն: Պարգևատրվել է 2 շքանշանով: Արժանացել է Հայաստանի, Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 1960 թվականին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):