30 տարի առաջ այս օրը ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ազատագրեցին Լաչինն ու ապահովեցին Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը. ԱՐԽԻՎԱՅԻՆ կադրեր ռազմական գործողությունից

30 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 18-ին, տեղի է ունեցել «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում»՝ Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում ռազմական գործողությունը։

Շուշիի ազատագրումից հետո պաշտպանության բանակն ու կամավորական ջոկատները ձեռնամուխ եղան օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողության իրականացմանը:

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը, իսկ մայիսի 18-ին արդեն հայկական ուժերը մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան Հայաստանի պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը Հայաստանին կապող «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։

Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։

Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվել է Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը։