Թշնամու սարսափը դարձած ԼԵԳԵՆԴԱՐ Արծիվ-13 ջոկատի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ով իր տունը դարձրեց զենքի արհեստանոց և120 ականանետ ու 17 հրանոթ ուղարկեց Արցախ

Հայ ազատամարտիկ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիրներից, Երկրապահ Արծիվ 13 ջոկատի հիմնադիր հրամանատար Ռուբիկ Վաչիկի Եղոյանը կոչումով լեյտենանտ էր, ով սեփական աշխատավայրը դարձրել էր զենքի արտադրամաս. իր նախագծով արտադրում էր ինքնաձիգներ, ատրճանակներ, ականներ և պայթուցիկ սարքեր։ Իր ստեղծած զենքերով զինում էր իր Արծիվ-13 ջոկատը, զինում էր նաև ուրիշ ջոկատների։ Ռուբիկի գլխավորությամբ 120 ականանետ և 17 հրանոթ ուղարկվեց Արցախ։ Պատերազմի դաշտից ռմբակոծված տանկեր էին բերում, վերանորոգվում Արցախ վերադարձնելու նպատակով։

1988 թ-ին նախկին Հոկտեմբերյանի շրջանից Ռուբիկ Եղոյանը առաջինն էր, որ կազմակերպեց ցույց Հոկտեմբերյան քաղաքի հրապարակում, նույն պահանջով այդ ցույցերին հաջորդեց նրա մասնակցությունը Երևանի ցույցերին։ Նա և՛ քաղաքական գործիչ էր, և՛ զինվորական։ Արմավիր քաղաքում հիմնեց Երկրապահ կամավորականների «Արծիվ-13» ջոկատը և իր ջոկատով մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը։ Նա Երկրապահ կամավորականների ջոկատի կազմակերպիչն էր։ Ջոկատների հիմքի վրա ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը։

Ռուբիկ Եղոյանը՝ իր ջոկատով մասնակցել է, ինչպես Հայաստանի այնպես էլ Արցախի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին, պայքարել ու վտանգել սեփական կյանքը, փրկել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Ռուբիկն Արցախ էր մեկնել իր Արծիվ 13 ջոկատով, որը կազմված էր Արմավիրի կամավորականներից։ 1989 թ.-ի մայիս-հունիս ամսիներն էր. Ռուբիկը Արծիվ-13 ջոկատով մասնակցեց Երասխի ինքնապաշտպանական մարտերին, և սկսվեց նրա մարտական ուղին։ 1990 թ.-ի հոկտեմբերին Արծիվ-13 ջոկատը Ռուբիկի գլխավորությամբ մասնակցեց Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թ.-ի ապրիլին Արծիվ-13 ջոկատը նորից Իջևանում էր և ինքնապաշտպանական մարտեր էր վարում։ 1991 թ.-ի օգոստոսին Արծիվ-13 ջոկատը, Մարտակերտից մարտեր մղելով հակառակորդի դեմ, հասավ մինչև Հաթերք։ 1992 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Արծիվ-13 ջոկատը մասնակցեց Լաչինի ազատագրմանը։ Նա մարտեր մղեց Մաղավուզ, Մադաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրման համար։ Ռուբիկի ջոկատում էին կռվում նաև նրա եղբայր Հայկազ Եղոյանը և նրա հորեղբոր որդի Խաչիկ Եղոյանը։ Հաջորդը, որ պիտի ազատագրվեր, Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղն էր։

1992 թ.-ի հունիսի 29-ին Ռուբիկ Եղոյանը, համալրելով իր ջոկատը՝ Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների հետ միասին, թվով 79 հոգի, պետք է ազատագրեին՝ Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղը։ Հունիսի 29-ի լուսաբացին, անցնելով ջրատարի վրայով, խաղողի այգիներում հակառակորդի հետ սկսում են մարտնչել։ Թվաքանակով շատ թշնամին, աննընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում հայ կամավորականներին։ Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները, հասկանալով, որ ընկել են շրջափակման մեջ, որոշում են կռվել մինչև վերջին փամփուշտը։ Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական Գյանջայի գումարտակը սեղմում էր շրջափակման օղակը, սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չնահանջեցին և հերոսաբար անմահացան։ Հերոսի մահով ընկավ նաև «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանը։ Նա թաղված է հարազատ քաղաքի քաղաքային գերեզմանատանը։