«Չկար մի ջոկատ, որ երգ ու պարով չգնար ռազմի դաշտ, երգեր էին, որ ծնվում էին ու կնքվում հենց զինվորների կողմից». 90-ականներին ծնված ռազմական երգերն ու Արցախյան ազատամարտի օրհներգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայեր միացեք, միացեք հայեր» երգը Գուսան Հայկազունը գրեց հենց պատերազմի սկզբում, այն միանգամից սիրվեց ու չնայած ոչ պաշտոնապես, բայց կնքվեց որպես Արցախյան ազատամարտի օրհներգ:

Չկար մի ջոկատ, որ երգ ու պարով չգնար ռազմի դաշտ: Երգեր էին, որ ծնվում էին մեկը մյուսի հետևից ու անպայման կնքվում հենց զինվորների կողմից:

«Պատերազմ եք գնում, բարով գնացեք, Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացեք» տողերը շատերը վերագրում էին Վարդան Մամիկոնյանին, սակայն իրականում հեղինակը Դուշման Վարդանի մասին է գրել՝ հրամանատարի մահից հետո մարտական ընկերներին ոգևորելու համար:

Արցախյան պատերազմի ամենահզոր մարտական գործողություններից մեկը «Հարսանիք լեռներում» օպերացիան էր: Այն հանգուցալուծվեց 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրմամբ, իսկ «Քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ Շուտով կլինեն դռներիդ առաջ» երգը դարձավ մի ամբողջ պատմության համառոտ նկարագիր…