Այսօր ՀԱՅ նշանավոր դերասան Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է. «Զանգեզուր», «Սարոյան եղբայրներ» և այլ հայտնի ֆիլմերի սիրված դերասանն ու Գրիգոր աղայի կերպարի լավագույն մարմնավորողը

Գուրգեն Ջանիբեկյանը (Գուրգեն Տեր-Խաչատրյան) հայ բեմի նշանավոր դերասաններից է, հայկական Թատերական ընկերության առաջին նախագահը:

Եղել է Գրիգոր աղայի կերպարի (Վ.Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողը խորհրդահայ բեմում, որն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Բագրատ), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Գառնակերյան), Ա.Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել» (Մարգար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց) և այլն:

Ռադիո և հեռուստաթատրոնում խաղացել է շուրջ 100 դեր: Բացի թատրոնից, նաև նկարահանվել է ֆիլմերում` «Զանգեզուր» (1938թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Հնձան» (1973թ.), «Ժայռ» (1973թ.) և այլն:

gurgen janibekyan

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների, պատվոգրերի, ԽՍՀՄ Պետական մրցանակի, հետագայում նաև՝ Հայաստանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց: