«Այս գազանը Դեր Զորում իրեն «հայերի աստված» էր հռչակել և 18 վագոնների մեջ լցված հայ որբերին քարյուղով այրելով` ինքն իրեն հաճույք էր պատճառել»:

Լուսանկարում օսմանյան բանակի գնդապետ Իսմայիլ Հաքքի բեյն է, ով 1919 թ. մարտի 7-ին ձերբակալվեց բրիտանական բանակի շոտլանդացի զինվորների կողմից: Լուսանկարն արվել է Աֆիոն-Գարահիսարի երկաթուղային կայարանում՝ այդ նույն օրը քաղաք ժամանած Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործադիր տնօրեն Ջեյմս Բարտոնի պաշտոնական լուսանկարչի կողմից:


Օսմանյան բանակի գնդապետ, Կոստանդնուպոլսի զինվորագրության հանձնաժողովի նախագահ, հայերի կոտորածների անմիջական իրագործողներից մեկի` Իսմայիլ Հաքքի բեյի (1883-1923 թթ.) անվան հետ է կապված շուրջ 40.000 հայի տեղահանությունն ու սպանդը: Երիտթուրքերի կառավարության կողմից հայերի «պաշտպան» նշանակված Հաքքի բեյի հրամանով 40.000 հայ տեղահանվեց և քշվեց Դեր Զորի անապատի խորքերը, որտեղ գրեթե բոլորը մեռան քաղցից ու հիվանդություններից:

Նրա հրամանով իրականացվել է ևս մեկ սարսափելի ոճիր. թուրքերը որբանոցից դուրս բերված 300 հայ երեխաների լցրել են վագոնի մեջ և վառել: 1919 թ. մարտի 7-ին բռնագաղթից և կոտորածներից փրկված հայերի մի խումբ Աֆիոն-Գարահիսարի երկաթուղային կայարանում նկատեց և ճանաչեց իրեն «հայերի աստված» հռչակած ոճրագործին: Նրանցից մի քանիսը վազեցին և բռնեցին իրենց դահճին: Հաքքի բեյին ձերբակալեցին բրիտանական բանակի զինվորները:

Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից