«Ամբողջ խմբեր՝ 80, 100, գնդակահարվում էին զինվորների ձեռքով»․ գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հիշողությունները Վանից

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած Վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր և բախտորոշը:

Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին: Ձեզ ենք ներկայացնում գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հիշողություններն այդ տարիներից։

«Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում՝ Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար՝ որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման աշխատողներ:

Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր՝ 80, 100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով՝ իրենց սպաների հրամանի համաձայն:

Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը»: