Լեգենդար ՀԱՅԵՐԻ ժառանգն ու տաղանդավոր կինոօպերատորը, ով արժանացել է մի քանի մրցանակների. իմացե՛ք ավելին Գուրգեն Ջանիբեկյան կրտսերի մասին

Կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյանը դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին է, դերասան Սոս Ջանիբեկյանի եղբայրը:

Նրա մշտական աշխատանքը կապված է եղել նկարահանման հետ: Աշխատել է որպես հեռուստատեսային ծրագրերի օպերատոր «ԱրմենԱկոբ», «Արմենիա», «Շանթ», «Շողակաթ» հեռուստաընկերություններում, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» լրատվական ծրագրում:

Իր առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը կոչվում է «Վճռական մարդը», նկարահանել է 2004 թվականին: Այդ ֆիլմով նույն տարի մասնակցել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին:

2010 թվականին նկարահանել է երկրորդ ֆիլմը` «Վերջը սկիզբն է», որով նույն թվականին մասնակցել է «Ոսկե Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնին, մեկ տարի անց` Վրաստանում անցկացվող «Ոսկե աչք» օպերատորների 3-րդ միջազգային փառատոնին` արժանանալով «Նորարարական հայացք» հատուկ մրցանակի, իսկ 2012 թվականին՝ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին` ստանալով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակը:

gurgen janibekyan

2013 թվականին նկարահանած երրորդ` «Պեպիտտո» կարճամետրաժ ֆիլմով մասնակցել է «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին: Որպես օպերատոր մասնակցել է նաև մի շարք ֆիլմերի ստեղծմանը` «Տան բնակիչները» (2009թ.), «Ավելորդը» (2010թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (2011թ.), «Լյալիկ» (2013թ.):

2013 թվականին հիմնել և ղեկավարում է «Bek Art» ֆիլմարտադրող ստուդիան: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: