Նրա երգերը ծնվում էին հենց մարտի դաշտում ու «կյանքեր փրկում». «Հայեր, միացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Պարիր, արցախցի» և այլ հայտնի ու սիրված ռազմական երգերի հեղինակը

Մեր ժամանակների հայ գուսան, երգահան Գուսան Հայկազունը (Գագիկ Ստեփանի Նազարյան) «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ։

Նա ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում։ Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքից են։ Հայրենասիրական և սիրային երգեր սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից։ Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով դասատուի շնորհիվ է նաև, որ նա սկսեց հայրենասիրական երգեր գրել։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով։

Նրա Գուսան Հայկազուն մականունը կապված է Հայկ Նահապետի հետ՝ իբրև նրա ժառանգ: Ըստ գուսանի, իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և այնտեղ «լացելու» մոտիվներ չկան։

Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո, սակայն ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։

gusan haykazun

Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում։ Առաջին օրերից միանալով Արցախյան շարժմանը, մեկ շաբաթվա ընթացքում գրել է իր առաջին՝ «Հայեր, միացեք» երգը։ Առաջին անգամ կատարել է այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում։

Գրել է և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից ավելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլերգ՝ «Հայեր, միացեք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Մուսա լեռան», «Վերականգնվիր, Կիլիկիա», «Պիտի գնանք», «Մաղավուզի Կարոյի երգը», «Պարիր, արցախցի», «Մոնթե Մելքոնյան», «Սասնա Ծռեր», «Լուսաշող կարոտ»: