Տաղանդավոր ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ով 20 տարեկանից ելույթ է ունեցել հայտնի բեմադրիչների ներկայացումներում. ՆՐԱՆ հատկապես լավ է ճանաչում ավագ սերունդը ՀԱՅՖԻԼՄԻ կինոնկարներից

Դերասան Գուրգեն Ջանիբեկյանը (Տեր-Խաչատրյան) ծնվել է 1897 թվականին Երևանում:

1917թ. ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ Գարագաշի և Սյուզան Գարագաշի օպերետային, 1920թ.` Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին:

Գալումյանի դերը (Մ.Օվչիննիկովի «Խիզախում»), Անիկ Մկրտումյանի (Նվարդ) հետ

1922թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան (1965-67թթ` նաև տնօրեն):

1940-49թթ եղել է Հայկական Թատերական ընկերության առաջին նախագահը: 1947-49թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Եղել է Գրիգոր աղայի կերպարի (Վ.Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողը խորհրդահայ բեմում, որն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը:

Նինոսի դերը (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Բաբկեն Ներսիսյանի (Արա Գեղեցիկ), Սոս Սարգսյանի (Արտաբան), Լուսյա Հովհաննիսյանի (Շամիրամ)

Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Բագրատ), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Գառնակերյան), Ա.Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել» (Մարգար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), Ցանովսկու «Ցասում» (Սոթլիկյան), Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Բարեղամ Պահլավունի), «Վարդանանք» (Վասակ Սյունի), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սեթո), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Իվան Գոռլով), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Վառավին), Մ.Գորկու «Հատակում» (Վասկա Պեպել), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Դաև), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կուդրյաշ), Միլլերի «Գինը» (Սոլոմոն), Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Կլաուզեն), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), «Լիր արքա» (Քենտ), «Մակբեթ» (Մակդուֆ), «Համլետ» (Համլետ), Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Ջեմս Բրոուդի), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆիգարո), Հ.Իբսենի «Նորա» (Կրոգստադ) և այլն: Ռադիո և հեռուստաթատրոնում խաղացել է շուրջ 100 դեր:

Գրիգոր աղայի դերը (Վ.Փափազյանի «Ժայռ»), Դավիթ Մալյանի հետ

Բեմադրել է պիեսներ Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում` Ա.Օստրովսկու «Անօժիտը», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» և այլն: Կատակերգական դերերում հակվել է երգիծանքի սուր, հաճախ` գրոտեսկային շեշտադրումների:

Նկարահանվել է ֆիլմերում` «Զանգեզուր» (1938թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Հնձան» (1973թ.), «Ժայռ» (1973թ.) և այլն:

Հեղինակել է բեմավորումներ, թարգմանություններ, «Բարեկամներիս մասին» (1965թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977-80թթ) հուշերի գրքերը: Ա.Բարսեղյանի հետ գրել է «Տաճատ Համազասպովիչը զայրանում է» կատակերգությունը:

Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, Մերձավոր Արևելքում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների, պատվոգրերի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1938թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
Մահացել է Երևանում 1978 թվականին: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց: