Անվանի ՀԱՅ, ով ստեղծագործեց և ցուցահանդեսներ ունեցավ Փարիզում, բայց կյանքի վերջին տարիներին իր աշխատանքները նվիրեց ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ճանաչե՛ք ՆՐԱՆ

Գեղանկարիչ Մելքոն Քեպապչյանը (Քեբաբչյան) ծնվել է 1880 թվականին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում:

Սովորել է Ակնի Նարեկյան և Ներսեսյան վարժարաններում։ 1892թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, զբաղվել տարբեր աշխատանքներով, ինքնակրթությամբ վարպետանալով մանրանկարչության և գործվածքեղենի ձևավորման արվեստի մեջ։

1918թ. մեկնել է Փարիզ, իբրև նկարիչ աշխատել կտորեղենի ֆաբրիկաներում, նկարել աֆիշներ և նորաձևության նմուշներ, ձևավորել գրքեր (այդ թվում՝ Վ.Շուշանյանի, Թ.Ազատյանի գրքերը, «Ամենուն տարեցույցի» և «Անահիտի» տարբեր տարեթվերի համարներ)։

Նրա ստեղծագործության մեջ ակնառու տեղ են գրավում Հայոց ցեղասպանության (1915թ.) թեմայով աշխատանքները, որոնց բնորոշ են հստակ գծանկարը, վարդագույն, արծաթամոխրավուն, երբեմն մանուշակագույն երանգների նուրբ անցումները։

Գործերից են՝ «Հայ մայրերու սուգը», «Ողջ մնացողներուն մղձավանջը», «Գաղթականներ», «Խաչելություն», «Վենետիկ», «Վաղ գարուն», «Օռնամենտալ մոտիվ», «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», գործվածքների էսքիզներ (18 թերթ)։

1930թ. և 1944թ. Փարիզում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան և իր աշխատանքները նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին։ Մահացել է Երևանում 1949 թվականին: