Ինչպե՞ս ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ հիմնադիրը, կարողացավ օգնություն հասցնել ԿՈՏՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ․ Ի՞նչ արգելք դրեց ԹՈՒՐՔԻԱՆ․

1895 թ. վերջին Հայ ազգային օգնության կոմիտեն, որը հիմնադրվել էր Նյու Յորքում, և ամերիկյան միսիոներական խորհուրդները միասնաբար դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին Օսմանյան կայսրությունում համիդյան կոտորածների հետևանքով տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով: Ստեղծված իրավիճակն անսովոր էր Կլարա Բարտոնի համար, քանի որ այն ո՛չ բնական աղետ էր, ո՛չ էլ պատերազմական գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակ. այն մարդու կողմից իրականացված կոտորած էր, որն իր մեջ պարունակում էր նուրբ քաղաքական տարրեր: Կոտորածներից տուժած հայ բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում Ամերիկյան Կարմիր խաչին ընդգրկելու գաղափարը Կոստանդնուպոլսում գործող ամերիկացի միսիոներ պատվելի Հենրի Օ. Դուայթինն էր:

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար: Ամերիկյան և բրիտանական տարբեր կազմակերպությունների միջոցով հանգանակվում է շուրջ 116 հազար դոլար՝ հիմնականում բողոքական, ավետարանական եկեղեցիների միջոցով: Օսմանյան կայսրության դեսպանությունը Վաշինգտոնում մերժում է մուտքի արտոնություն տրամադրել Ամերկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ արտերկրից եկող յուրաքանչյուր օգնության ծրագրում տեսնելով քաղաքական ինտրիգ կամ միջամտություն ներքին գործերին: Սակայն Կլարա Բարտոնը որոշում է անձամբ մեկնել և բանակցել Բարձր Դռան հետ: Ի վերջո թույլատրվում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը: Միաժամանակ կառավարության նախապայմանն էր, որ ծրագիրը չի կարող իրականացվել Կարմիր խաչի նշանաբանով, այլ պետք է ձևակերպվի որպես Կլարա Բարտոնի անձնական արշավախումբ.

Կարմիր խաչը չորս արշավախումբ գործուղեց Հայկական Թուրքիա, Միջերկրականից Սև ծով ընկած տարածաշրջանները՝ հասցնելով անհրաժեշտ օգնություն, վերանորոգելով տներ և վերաբնակեցնելով ողջ մնացածներին: Կոտորածներին հետևեցին որովայնային տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները: Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց: Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով:

Լուսինե Աբրահամյան
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն