«Լաչինի ճակատամարտը». թե ինչպես ՀԱՅԿԱԿԱՆ ուժերին հաջողվեց հետ մղել թշնամուն, ազատագրել Լաչինն ու բացել ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող ճանապարհը

Բերձորի ճակատամարտը Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հոկտեմբերի 1-19-ի ընթացքում իրականացրած ռազմական գործողություն է, որի նպատակն էր վերադարձնել Ադրբեջանի ազգային բանակի կողմից Լաչինի միջանցքի վերահսկումը։ Մինչ այդ հայկական կողմն արդեն ազատագրել էր Բերձորը և մարդասիրական միջանցք բացել 1992 թվականի մայիսի 18-ին։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերին խոշոր հարձակում ծրագրեցին միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում, սակայն նրանց դեմ հակահարձակման անցան Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։

Թոփաղաջ լեռան վրա տեղակայված հենակետերով ադրբեջանցիները վերահսկում էին Բերձորի (Լաչին) և Քաշունիքի (Կուբաթլու) տարածքները և ունեին դիրքային առավելություն Արցախի հայկական զինված ուժերի նկատմամբ։ 

Հոկտեմբերի 12-ի առավոտյան հայկական ջոկատները սկսեցին ադրբեջանական զինուժի ճնշման գործընթացը, որը ավարտվեց նույն օրը ուշ գիշեր։ Թեժ մարտերի ընթացքում մերոնց հաջողվում է ազատագրել կարևորագույն դիրքերն ու ադրբեջանցիներին ստիպել նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը։ Ռազմական գործողության ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը ունեցել են զինտեխնիկայի և մարդկային զգալի կորուստներ, իսկ հայկական կողմը Հադրութ-Գորիս ուղղությամբ բացել է ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող ճանապարհ։

Նշենք նաև, որ մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով:

Ինքնաթիռների թռիչքները հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Արցախի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից: