« Երեկոյան 32 հոգով քնեցինք, առավոտյան 18-ով արթնացանք.14 հոգի մեզ «մնաս բարով» էր ասել»․ Իսկապես որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»․ Տեսե՛ք, թե ինչ հաջորդեց Ցեղասպանությանը․


«…Մտանք Սուրբ Էջմիածնի վանքի բակը: Վանքի պատերի տակին կողք կողքի պառկած ու նստոտած էին գաղթականնե˜ր, գաղթականնե˜ր… Ամենու˜ր լաց ու հառաչանք, ցավից տնքացող հիվանդներ, անապաստան, կիսամերկ, քաղցած ու անլվա մանուկներ և կմախքացած դալուկ դեմքեր…
Ասում էին, որ Էջմիածնում խոլերայի համաճարակ է սկսվել. թե ինչ բան էր այդ խոլերայի համաճարակը, չհասկացա, բայց հասկացա, որ երեկոյան 32 երեխաներով քնեցինք, առավոտյան 18 հոգով արթնացանք.14 հոգի մեզ «մնաս բարով» էր ասել և հավիտենական խոր քուն մտել»:

Մարո Ալազան
Հայոց ցեղասպանությունը վերապրած

Լուսանկարում տիֆից և տարաբնույթ այլ հիվանդություններից մեռած վանեցի բռնագաղթյալների դիակներն են Մայր Աթոռի մերձակա անտառում: Լուսանկարն արվել է 1915 թ. ամռանը: Գաղթականների կուտակումներ ամառային կիզիչ արևի տակ, սննդի պակաս և մոլեգնող համաճարակ… Հայերի հարյուրավոր դիակներ հողին հանձնվեցին Մայր Աթոռի հարակից տարածքներում, որտեղ մինչ օրս ի հայտ են գալիս զանգվածային թաղումների վկայություններ:

Թուրքական բռնությունների պատճառով գաղթական արևմտահայերի առաջին խմբերը Արևելյան Հայաստանում հայտնվեցին 1915 թ. գարնանը: Սակայն դրանք սակավամարդ խմբեր էին, որոնց հաջողվել էր լեռնային ճանապարհներով, խուսափելով քրդական հրոսակախմբերի հարձակումներից, անցնել ռազմաճակատի գիծը: Հետագայում, հատկապես Վանի առաջին նահանջից հետո, ռուսական զորքերի հետ ճարահատյալ Արևելյան Հայաստան գաղթեցին տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց համար տեղերում կենսական պայմաններ էին ապահովում բարեգործական կազմակերպությունները: Չնայած դրան՝ հյուծված և հոգեկան ցնցում ապրած գաղթական զանգվածների շրջանում պարբերաբար համաճարակներ էին բռնկվում՝ խլելով հազարավոր կյանքեր:
Լուսանկարի աղբյուրը` Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու