«Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմությամբ, իր անօրինակ եռանդով և խիզախությամբ, կվերածնվի և իր երկիրը կկառուցի»: ՆԱՆՍԵՆԸ ՈՐԲԱՔԱՂԱՔՈՒՄ

«Հայ ժողովուրդը, հազիվ դուրս գալով համաշխարհային պատմության մեջ չտեսնված-չլսված աղետից, ծառեր է տնկում, ջրանցքներ ու էլեկտրակայաններ կառուցում… Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմությամբ ու մշակույթով, իր անօրինակ խիզախությամբ և անսովոր եռանդով, աշխատասիրությամբ կվերածնվի և իր երկիրը կկառուցի»: Ֆրիտյոֆ Նանսեն նորվեգացի գիտնական, հասարակական գործիչ.

Լուսանկարում նորվեգացի բևեռախույզ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն է: 1925 թվականին Սովետական Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում ծանոթանում է որբերի խնամքի պայմաններին: Ճաշի մատուցման ժամն է. Նանսենը չի վարանում և անձամբ ուտում է այն ապուրը, որը տրվում է երեխաներին՝ ցանկանալով պատկերացում կազմել սննդի որակի մասին: Սա խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպիսի լրջությամբ ու սրտացավությամբ էր մոտենում Նանսենն իր առաքելությանը: Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել հայանպաստ աշխատանքը. նա եռանդուն ջանքեր գործադրեց հայ գաղթականների վիճակը բարելավելու համար:

Որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար` Ֆրիտյոֆ Նանսենը 1925 թվականին մեկնում է Սովետական Հայաստան` տեղում ուսումնասիրելու հայ գաղթականների տեղավորման և նրանց համար տանելի պայմաններ ստեղծելու հարցը: Հայաստանի տարբեր շրջաններ կատարած այցերի ժամանակ մեծ հայասերը չէր կարող շրջանցել Ալեքսանդրապոլ քաղաքը, որն այն ժամանակ Մեծ եղեռնից մազապուրծ հայ որբերի խնամքի կազմակերպման հիմնական կենտրոնն էր. այստեղ էին գտնվում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի «Սևերսկի», «Կազաչի պոստ», «Պոլիգոններ» մեծ որբանոցները: Նանսենի այցելության ժամանակ Ալեքսանդրապոլում կային շուրջ 20 հազար հայ որբեր: Վերադառնալով Ժնև և տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է տարբեր ուղիներով անհրաժեշտ միջոցներ հայթայթում և տրամադրում՝ 7 հազար հայ գաղթականների հայրենադարձությունը կազմակերպելու համար: