ՆՐԱՆ կոչում էին «ՄԵԾ ազգասեր», բայց ՆԱ համեստորեն ասում էր՝ «Պարզապես ՀԱՅՈՒՀԻ մ’եմ, որ կծառայեմ ազգիս». ո՞ է ՀԱՅՈՒՀԻՆ, ում թուրքը չկորաղացավ խեղճացնել

Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը:

Սրբուհին ուսանել է ֆրանսիական դպրոցում: Նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ են անդրադարձել բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով:

Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին: 1880 թ. մայիսից արդեն նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր` Ընդհանուր ժողովի ատենապետ, և ձեռնամուխ էր եղել ընկերության համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանը: Նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց ընկերությանը: Բացի դրանից, նա հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ էր կազմակերպում: Նրան հաջողվում է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Նրան իրավամբ համարում էին «Դպրոցասիրաց հոգին», իսկ նրա` իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը` հավասար ընկերության լուծարման:

Նա սկսեց հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով. Թուրքական կառավարության պայմաններում կնոջ բերանով կնոջ ազատության հարցեր բարձրացնելն այստեղ շատ մեծ համարձակություն էր պահանջում: Նա կոչ էր անում հայ կանանց փշրել նախապաշարումները, անցնել աշխատանքի և այդպիսով, նախ, փրկել իրենց ընտանիքները աղքատությունից ու կործանումից, և երկրորդ` ապրել արժանապատիվ, անկախ, սեփական բարոյական ու մտավոր կարողությունները լիուլի գործի դնելով: 

1887թ. հետո Տյուսաբը քրոնիկական գլխացավերի պատճառով թողնում է գրական գործունեությունը, սակայն վերստին հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին, նաև` Երզնկայի դպրոցի, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում դպրոցներ: Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության: Նաև հովանավորում է Ասիական ընկերության լսարանները` կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը:

Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրով: Ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. «Պարզապես հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»: Այս խիստ ինքնագնահատականն, անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջացնում, և եթե նրա անկեղծությունը ստիպում է հարգել իր կարծիքը, ապա նաև պարտավորեցնում է ասել, որ նրա շնորհիվ մեծապես բարձրացավ հայուհու հարգն ու վարկը:

Սրբուհի Տյուսաբը մահացավ 60 տարեկան հասակում, քաղցկեղից: