Գիտեի՞ք, որ հնում ՆԶՈՎՔԸ համարվել է պատժի ձև․ Իսկ դուք ծանո՞թ եք այլ ձևերի․

Դատաստանագրքում մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական, առաջինը որպես աստվածադիր, մյուսը՝ մարդադիր օրինականության խախտում։ Ընդունելով, որ մեղքն իրավական իմաստով միաժամանակ մեղք է կրոնական իմաստով, Մխիթար Գոշը, համապատասխանաբար, նախատեսում է երկու բնույթի պատիժ՝ հոգևոր֊եկեղեցական և մարմնական։ Առաջինը նշանակում էին միայն եկեղեցական, երկրորդը՝ աշխարհիկ դատարանները։

Մխիթար Գոշն ընդունել է հետևյալ պատիժները՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն իր տեսակներով, աստիճանազրկում, պաշտոնազրկում), մարմնական-նյութական՝ մահապատիժ, մարմնական պատիժներ (ծեծ, անդամահատում), ազատությունը զրկող կամ սահմանափակող, գույքային-դրամական։ Գտնելով, որ պատժի ներգործությունը չի որոշվում խստությամբ, Մխիթար Գոշն ընդունում է հանցանքի ու պատժի համամասնության, իր ժամանակի համար առաջադիմական, սկզբունքը, «իսկ պատիժն ըստ վնասուն համեմատ լիցի»։

Այն հայկական իրավա-քաղաքական մտքի և ընդհանրապես միջնադարի իրավական հուշարձանների շարքում խոշորագույններից է, ամփոփում է ժամանակի համար շատ առաջավոր դրույթներ, որոնք այժմեական են։ Օրինակ, Մխիթար Գոշը գտնում է, որ պատիժը պետք է ունենա ոչ թե տանջանք պատճառելու և վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղել-դաստիարակելու նպատակ։