Գիտե՞ք, որ ԵՐԴՈՒՄԸ հնում եղել է դատական ԱՊԱՑՈՒՅՑ․ Ինչն է հիմք հանդիսացել ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ համար․ Տեսե’ք, որ այստեղ անգամ «միջատներին» է պատիժ հասնում.

Դատաստանագրքի աղբյուրներն են՝ Մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Ընդգրկում է ֆեոդալական իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստիտուտները, հասարակական հարաբերությունների բազմապիսի բնագավառները։ Որպես տիպիկ ֆեոդալական օրենսգիրք, ամրապնդում է տիրապետող կարգերն ու դասային արտոնությունները, պաշտպանում եկեղեցու Գիրքը։ Ըստ «Գիրք Դատաստանի»-ի դատական համակարգը հետևյալն էր պետական դատարաններ, ֆեոդալական, կորպորատիվ , եկեղեցական և արտակարգ։ Դատավարությունը մեղադրական-մրցակցական է, առանց ծայրահեղ ձևապաշտության։

Դատավարությունն սկսվում է, երբ կա մասնավոր մեղադրող (հայցվոր), իշխանության մարմինները դատ են սկսում եզակի դեպքերում։ Դատական ապացույցներ էին՝ խոստովանությունը, վկաների ցուցմունքները, երդումը, գրավոր փաստաթղթերը և գիտակ անձանց եզրակացությունը։ Հանցագործություն է համարվել ամեն մի գործողություն՝ ուղղված գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների, պետության, հանրային կառավարման, սեփականության, անձի կյանքի ու առողջության, եկեղեցու, տիրող գաղափարախոսության դեմ։

Հանցագործության պատճառները, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, ամենից առաջ, սոցիալ-տնտեսական էին, չնայած պատճառներ էին համարվում նաև (այդ թվում՝ ըստ «Գիրք Դատաստանի»-ի) մարդու մեղսունակությունը, կրոնական ջերմեռանդության թուլացումը, «առ աստված հավատի տկարությունը», այդ ամենի հետևանքով առաջացած բարքերի խաթարումը։ Մինչև միջնադար հանցակազմի ենթակա, այսինքն՝ հանցագործություն կատարող են համարվել նաև միջատները, կենդանիները, նույնիսկ՝ անշունչ առարկաները։ «Գիրք Դատաստանի»֊ն, ելնելով սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքից, դատապարտության ենթակա է համարում ոչ թե վտանգավոր արարքը ընդհանրապես, այլ այն արարքը, որը կատարվել է մեղքով։ Ըստ «Գիրք Դատաստանի»֊ի անմեղսունակությունը նույնպես դատական պատասխանատվությունը բացառող հանգամանք է։