Հայաստանը դարձավ ՈՐԲԱՆՈՑ բաց երկնքի տակ․ Չարաբաստիկ 1915-ը, մանրամասներ որոնք ոչ բոլորին են հայտնի․

«… Դա մուսուլմանների՝ հայ քրիստոնյաների դեմ ուղղված ցասման բռնկում չէր: Ամեն ինչ կատարվեց կառավարության կամքով, ոչ թե կրոնական մոլեռանդության պատճառով: Դա քաղաքական նկատառումների իրագործման հետևանք էր. թուրքական կառավարությունն ուզում էր ազատվել ոչ մուսուլման ժողովուրդներից, որոնք խախտում էին կայսրության միատարրությունը՝ կազմելով մի տարր, որը միշտ չէ, որ պատրաստ է հնազանդորեն ենթարկվելու կեղեքման…»: Ջեյմս Բրայս անգլիացի դիվանագետ

Երևանի փողոցներից որբանոց տարված հայ որբերը՝ լուսանկարված 1917 թվականին: Նրանց արտաքինից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի ֆիզիկական ու հոգեկան տառապանքների ու զրկանքների է ենթարկվել մանկություն չունեցած հայորդիների այս սերունդը… Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական ու քրդական բռնություններից զերծ մնալու և անվտանգ կեցություն ապահովելու համար տասնյակհազարավոր հայ գաղթականներ հաստատվեցին Արևելյան Հայաստանում, ի մասնավորի՝ Երևանի նահանգում: Նրանց մեջ շատ էին որբերը:

Որբախնամ գործունեություն ծավալելու նպատակով 1915 թ. հունվարին Երևանում բացվեց ութ որբանոց, իսկ արդեն հոկտեմբերին դրանց թիվը հասավ 37-ի. այստեղ ապաստան էր գտել 2690 երեխա: Այս որբանոցները գործում էին տարբեր բարեգործական կազմակերպությունների ու կոմիտեների վերահսկողության և հոգածության ներքո: Ըստ «Եղբայրական օգնություն» կազմակերպության երևանյան կոմիտեի տվյալների՝ 1916 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին երեխաների ընդգրկվածությամբ առաջին տեղն էին զբաղեցնում Դիլիջանն ու Թիֆլիսը, ապա՝ Երևանն ու Աշտարակը: Համեմատաբար լավ վիճակում էին Երևանի օգնության կոմիտեի հովանավորության ներքո գտնվող որբանոցները, որոնցից հատկապես առանձնանում էր Երևանի երրորդ որբանոցը:

Լուսանկարի աղբյուրը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու