«Դրսում սպասում էին ավելի քան 100 հյուծված, ոջլոտ ու հիվանդ երեխաներ ամեն օր հուսալով, որ իրենց համար էլ տեղ կգտնվի որբանոցի պատերի ներսում…»: ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐԲԱՔԱՂԱՔԸ

«Դրսում սպասում էին ավելի քան 100 հյուծված, գրեթե մերկ, ոջլոտ ու հիվանդ երեխաներ ամեն օր համբերությամբ հուսալով, թե ամերիկյան հնարամտությամբ իրենց համար էլ տեղ կգտնվի որբանոցի պատերի ներսում…»: Ջոն Մեյս, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից

Լուսանկարում Ալեքսանդրապոլի հայ սովալլուկ, ցնցոտիավոր որբեր են, որ ձմռան ցրտին, կանգնած ձյան մեջ, սպասում են, թե երբ կմտնեն Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբանոց: Նրանց համար նման հնարավորություն կարող էր ստեղծվել միմիայն այն դեպքում, երբ որբանոցի սաներից մեկը հոգին ավանդեր, և թափուր տեղ առաջանար նոր որբ ընդունելու համար…

Ցեղասպանության զոհ դարձան տասնյակհազարավոր հայ երեխաներ, իսկ հրաշքով փրկվածները զրկվեցին ծնողական գուրգուրանքից, որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և գոյության միջոցներով ապահովելու նպատակով սկիզբ առավ մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ունեցավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: Նպաստամատույցն ակտիվ գործունեություն ծավալեց Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:

Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) Նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թվականին քաղաքագլխի՝ Լևոն Սարգսյանի և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջև կնքված պայմանագիրը քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ: Նպաստամատույցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվեցին թափառաշրջիկ որբերը, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորեցին հիվանդանոցներում կամ որբանոցներում: Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որոնք ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին: «Կազաչի պոստ» և «Սևերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում» տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր Որբաքաղաք: