«Երբ ես ժամանեցի Զմյուռնիա, ափին խմբված էր 250. 000 մարդ` ծեծված կանայք, որոնց վրայից պատռել-հանել էին հագուստը և բոլորը` անխտիր կողոպտված»

«Երբ ես ժամանեցի Զմյուռնիա, ափին խմբված էր 250. 000 մարդ` դժբախտ, տառապող, բղավող: Ծեծված կանայք, որոնց վրայից պատռել-հանել էին հագուստը, բաժանված ընտանիքներ և բոլորը` անխտիր կողոպտված»: Էսթեր Լավջոյ ամերիկյան «Կարմիր խաչի» աշխատակից․

Լուսանկարը ներկայացնում է Զմյուռնիայի համայնապատկերը Մեծ հրդեհի` 1922 թ. սեպտեմբերի 13-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Զմյուռնիան, որը թուրքերի շրջանում հայտնի էր որպես «գյավուր Իզմիր», մի քանի օրվա ընթացքում վերածվեց մոխրակույտի ու փլատակների: Ոչնչացվեցին տասնյակ քրիստոնեական տաճարներ ու հաստատություններ: Այս հրդեհից հետո քաղաքի՝ հունական ու հայկական գեղեցիկ շենքեր ունեցող թաղամասերն ավերվեցին:

Սեպտեմբերի 9-ին քեմալական բանակը Զմյուռնիա մտնելուց հետո սկսվեցին քրիստոնյաների կոտորածները: Օսմանյան կայսրության փլատակների վրա նոր պետություն կառուցող քեմալականները նպատակ ունեին քաղաքում հիմնահատակ ոչնչացնելու քրիստոնեական ներկայության հետքերը, բացառելու խաղաղության հաստատման ժամանակ նրանց վերադարձը: Սեպտեմբերի 13-ին քաղաքի հայկական ու հունական թաղամասերում հրդեհ է բռնկվում: Այն անարգել շարունակվում է մի քանի օր: Հրդեհն ուղեկցվում է անզեն խաղաղ բնակչության` կանանց, երեխաների, ծերերի կոտորածով: Այս արհավիրքից փրկված քրիստոնյաներն ստիպված են լինում ընդմիշտ հեռանալ իրենց հայրենի քաղաքից:

Հայ և հույն բնակիչների մեծ մասը կուտակվում էր ափամերձ տարածքում: Թուրք զինվորները շրջափակել էին նավահանգիստը` փախստականներին թողնելով առանց սննդի ու ջրի: Շատերը մահանում էին քաղցից ու ծարավից, մյուսներն ինքնասպան էին լինում` նետվելով ծովը: Այդ ամենը տեղի էր ունենում Դաշնակիցների աչքի առջև. նրանք կանգնած էին նավահանգստում և չէին միջամտում: Զմյուռնիայի աղետին զոհ գնաց շուրջ 100.000-150.000 հայ և հույն:

Լուսանկարն արված է հենց այդ նավերից մեկի տախտակամածից:

Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու