Ինչպե՞ս էին ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ կիզիչ արևի տակ իրենց վերջին ճիգերը գործադրելով ՓՈՒՌ պատրաստում՝ ձեռքի տակ եղածն օգտագործելով․

«Իրատէով Րագգա առժամեայ գաղթավայր կ´որոշուի Հայ տարագրելոց և հրաման կ´ըլլայ մինչև 20.000 գաղթական բնակեցնել հոն առժամապէս: Հոն առաջին հասնողներն եղած են 1915 սեպտեմբերին Զառա եւ գիւղերուն՝ Ալաքիլիսի, Քարհատի, Ղարապողազի 120-ի չափ գաղթականները Ուրֆայի վրայով՝ բոլորը կնիկմարդ և 8-10 պատանիներ»: Կարապետ Գաբիկյան, Հայոց ցեղասպանությունը վերապրած.

Լուսանկարն արվել է գերմանացի սպաների կողմից 1915/1916 թվականին: Այդ մասին է վկայում լուսանկարի դարձերեսին գերմաներեն մեքենագիր մակագրությունը՝ «Հայկական ճամբարը Ռաքքայում»: Այստեղ հստակ երևում է հայ բռնագաղթյալների օրհասական վիճակը. կիզիչ արևի տակ իրենց վերջին ճիգերն ու հնարավորությունները գործադրելով՝ հայ գաղթականները փուռ են պատրաստել՝ ձեռքի տակ եղածն օգտագործելով:

Հյուսիսային Սիրիայում գտնվող Ռաքքան 20-րդ դարասկզբին մի աննշան ավան էր՝ բնակեցված արաբներով ու քոչվոր բեդվիններով: Մեծ եղեռնի տարիներին այս բնակավայրը և նրա հարակից շրջանները դարձան տասնյակհազարավոր հայ գաղթականների վերջին հանգրվաններից մեկը: Մեսքենեի, Ռաս ուլ-Այնի և Դեր Զորի հետ Ռաքքան էլ դարձավ հայ բռնագաղթյալների ընդհանուր գերեզմանատուն: 1915 թվականին Ռաքքան Հալեպից բաժանված ինքնուրույն շրջան էր և վարչականորեն կապված էր Ուրֆայի մութասարիֆության հետ: 1915 թ. հունիսին Ռաքքայի հայության թիվը կազմում էր 30.000, իսկ 1916-ի մարդահամարի տվյալներով՝ 4035:

Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու