Ճանաչո՞ւմ եք Արևելքի և Բալկանյան երկրների ժողովրդական մեղեդիներ ՀԱՎԱՔՈՂ՝ ջութակահար և կոմպոզիտոր ՀԱՅԿ ԿՅՈՒՏԵՆՅԱՆԻՆ

Ջութակահար, կոմպոզիտոր ՀԱՅԿ ԿՅՈՒՏԵՆՅԱՆ ծնվել է Կեսարիա քաղաքում: Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում և Թագավորական լիցեյում: Բրյուսելում աշակերտել է Ս.Թոմսոնին, Պրահայում` Օ.Շևչիկին (սովորեցրել է նվագել ջութակ), Վ.Նովակին (կոմպոզիցիա):

Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժողովրդական մեղեդիներ: 1905թ-ից համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Պրահայում, Կոստանդնուպոլսում, Կահիրեում և այլուր, 1908-09թթ` Թիֆլիսում և Կովկասի այլ քաղաքներում: 1918թ. տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի, կնոջ` դաշնակահարուհի Կ.Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի քաղաքներում:

Գրել է յուրահատուկ գրավիչ լեզվով առանձնացող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրային), երկեր ջութակի («Հայկական մեղեդի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարավան», «Հովիվ»), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար: Մահացել է Նյու Յորքում: