«Աներևակայելի բարբարոսություն է կատարվել հայերի հանդեպ. Եվ այնպիսի գաղտնիությամբ, որ դժվար է պատկերացնել» Ռուզվելտ, ԱՄՆ Նախագահ

«Աներևակայելի բարբարոսություն է կատարվել թուրքերի կողմից հայերի հանդեպ: Եվ այնպիսի գաղտնիությամբ են կատարվել բռնությունները, որ դժվար է դրանց անուն տալը, այնպիսի բռնություններ, որոնք գործադրվեցին նվաճված ազգերի նկատմամբ Աթիլլայի և Չինգիզ խանի հետևորդների կողմից…» Թեոդոր Ռուզվելտ, ԱՄՆ Նախագահ

Նյու Յորքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները 1917 թ. կազմակերպել են յուրօրինակ ակցիա քաղաքի փողոցներից մեկում՝ փորձելով այսկերպ գրավել անցորդների ուշադրությունը՝ կարիքավոր հայերին օգնության ձեռք մեկնելու համար: Մայր Հայաստանի և որբերի կերպարներով հանդես եկող աղջնակները պարզել են պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Մենք ողբում ենք մեր մեկ միլիոն մարդկանց կորուստը. դուք կարող եք օգնել մեկ ու կես միլիոն ցեղասպանությունը վերապրածներին»:

Մեծ եղեռնի տարիներին և դրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, շարքային ամերիկացիները, ինչպես նաև ամերիկահայ գաղութը մեծ ջանքեր գործադրեցին կոտորածներից մազապուրծ հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Կարիքավորների մեծ մասը հանգրվանել էր Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Կովկասում և այլուր: ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված մարդասիրական նպաստամատույց կազմակերպություններից զատ՝ տեղի հայ համայնքը տարբեր միջոցներով ներգրավված էր այդ աշխատանքներում:

Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից