Ինչպե՞ս էին ՀԱՅ երեխաները ԽԱՂԱԼԻՔ զենքով սպառնում ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ պահանջելով իսկական զենք․ ՎԱՆԻ ինքնապաշտպանական մարտերը․

«Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում՝ Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար՝ որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման աշխատողներ: Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր՝ 80, 100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով՝ իրենց սպաների հրամանի համաձայն: Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը»: Յոհաննես Լեփսիուս, գերմանացի միսիոներ

Լուսանկարը հրապարակվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Այս լուսանկարը, վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել է ամերիկյան հանդեսում:

«Նրանք փայտե հրացաններով եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», — գրում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած Վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր և բախտորոշը:

Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին՝ քաջ գիտակցելով սեփական օջախի և արժանապատվության պաշտպանության կարևորությունը: