Այս ԳԵՂԱՆԿԱՐՉԻ մտածողությունը սահմաններ չի ճանաչուն․ Տեսե՛ք, թե ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԸ ինչի է վերածում․

Գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ ծնվել է 1958թ. մայիսի 20-ին, Հայաստանի Սիսիան քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որից հետո սկսել է գեղանկարչություն դասավանդել Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցում։ Ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնել, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային (վերջին շրջանում նաև լուսանկարչային) դրսևորումներով՝ յուրօրինակ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ։ 

Այն արվեստագետներից է, որն աշխատել է դասակարգումներից դուրս։ Նրա մտահայեցողության սահմանները որոշակիանում են մարդկային գոյի էությունը ձևավորող մետա-պատմությունների բնույթի ուսումնասիրությամբ: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Տորոնտոյում, Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում, Քուվեյթում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում, Դամասկոսում, Ցյուրիխում, Փասադենայում, Նյու Յորքում և այլուր: Անհատական ցուցահանդեսներից են՝ «Դեմիուրգի յոթ թղթերը», «Կրկնակի մոգական շրջան», «Հիշողություններ անցած կյանքից»: 

1999թ-ից Սիսիանի տարածաշրջանի նեոլիթյան ժամանակաշրջանի մշակութային հուշակոթողներում կազմակերպել է փերֆորմանսներ («Երկխոսություն», 1999թ., «Ճանապարհ», 2000թ., «Ներիր ինձ, Մամա», 2001թ., «Մոգական Կրկնակի Շրջան», 2002թ., «Վերածնունդ», 2003թ., «Պտղաբերություն», 2004թ., «Վերադարձ», Ազատ Սարգսյանի հետ համատեղ, Գյումրու 5-րդ միջազգային բիենալեի շրջանակներում, 2006թ., «Վերադարձ -2», 2007թ., «Զոհաբերություն», 2008թ.): 2008թ-ից Սիսիանի ավագանու անդամ է։