Ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ՝ նորից հայրենի Իգդիրը տեսնելու չիրականացող հույսը

Տարվա մեջ յուրահատուկ այդ օրվան՝ ապրիլի 24-ին,  շատ էր սպասում նաև Հայոց ցեղասպանության վերապրած Ռոզա Խոնդկարյանը: Ոճրագործության ականատեսը, կյանքից հեռացավ հարյուրերորդ տարելիցից ընդամենը մեկ ամիս առաջ: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նրա համար, դստեր  հավաստմամբ, Իգդիրը հեռուստացույցով ևս մեկ անգամ տեսնելու անթաքույց և չիրականացված հույս էր:

1914թ. ծնված Ռոզա Խոնդկարյանի պատմությունը մեկն է այն ապացույցներից, որոնք հավաստում են դաժան իրականությունը։ «Իմ ընտանիքը գաղթել է Իգդիրից` Սուրմալուից, հայրս` Հակոբ Գեղամի Խոնդկարյանը, 1910 թվականին ամուսնացել է մորս` Լուսաբեր Մաթևոսի Ավագյանի հետ: Հայրս Իգդիրի հարուստ մարդկանցից մեկն էր, մի քանի խանութ ուներ, հիմնականում զբաղվել է կտորների  վաճառքով:

Մեր ընտանիքում ծնվել է 5 երեխա` եղբայրներս` Հրանտը, Ամասիան, Արսենը, ես և քույրս` Հերմինեն: Մեզնից ամենամեծը Հրանտն էր, ով ծնվել էր 1911թ., ամենափոքրը` Արսենը, 1922թ.»,-մահից առաջ իր հուշերն աշխարհին է փոխանցել Ռոզա Խոնդկարյանը: Տաթևիկ Գրիգորյանի հոդվածից։