Այս գրաքննադատը հրապարակել է մոտ 1000 հոդված, ունեցել է ծանր կյանք և մահացել է անծանոթ հայ ահաբեկչի արձակած գնդակից․

Արձակագիր, գրաքննադատ ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆ ծնվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում, որն 1987թ. ավարտել է և ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: 1870թ. վերադարձել է Կ.Պոլիս, պաշտոնավարել պատրիարքարանում որպես քարտուղար: Մի խումբ ընկերների հետ 1876թ. հիմնել է «Արարատյան ընկերություն հայոցը», որի նպատակներ էր Հայաստանի քաղաքներում դպրոցներ բաց անելը: 1878թ-ից մինչև մահը թղթակցել է «Մշակին», որում հրապարակել է մոտ հազար հոդված: 1884թ. հունվարի 2-ին համախոհների հետ հիմնել է «Արևելք» (Կ.Պոլիս) թերթը: 1884-90թթ, փոքրիկ ընդմիջումներով, խմբագրել է «Մասիս» պարբերականը:

1891-95թթ, խմբագրելով «Հայրենիք» թերթը, իր շուրջն է համախմբել ժամանակի բոլոր ականավոր գրողներին (Գրիգոր Զոհրապ, Տիգրան Կամսարական, Լևոն Բաշալյան և այլն): Խուսափելով թուրքական կառավարության հետապնդումներից` 1896թ. մեկնել է արտասահման: 1897-1901թթ Լոնդոնում խմբագրել է «Մարտ», իսկ 1898-1901թթ Լ.Բաշալյանի հետ` «Նոր կյանք» պարբերականը: Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր:

Եղել է արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից, բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է գործադրել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար: 1905թ. հաստատվել է Կահիրեում, ուր հիմնել և հրատարակել է «Շիրակ» գրական ամսագիրը: Հանդես է եկել նաև Հայկակ, Հրազդան, Սկեպտիկ, Հրպետ և այլ գրական կեղծանուններով: 1895-1901թթ անդամակցել է Հնչակյան կուսակցությանը: Մահացել է Կահիրեում, անծանոթ հայ ահաբեկչի արձակած գնդակից: