Կարեն Դեմիրճյանի ԳԱԶ-13-ը․ ո՞ր մեքենաներով էին ժամանակին տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

Կարեն Դեմիրճյանի ծառայողական մեքենան ԳԱԶ-13 ավտոմեքենան էր, որն առավել հայտնի է «Չայկա» անունով։ Ժամանակին Երևանում մի քանի նման «Չայկա» կար, դրանք տեղափոխում էին երկրի առաջին դեմքերին և իրավամբ կոչվում «կառավարական»։

Մյուսներից դրանք տարբերվում էին առաջին հերթին համարանիշներով, խնամված էին, հիմնականում սև գույն ունեին, լրացուցիչ լուսավորող, որոշ դեպքերում՝ նաև ձայնային սարքերի բազմազանություն։ Այս ամենը և հատուկ համարներով մեքենաների հանդեպ պետավտոտեսուչների առանձնահատուկ վերաբերմունքը, թույլ էր տալիս դասակարգել դրանք նախկին Հայկական ԽՍՀ-ի տրանսպորտային միջոցների առանձին խմբում։

Կարեն Դեմիրճյանի «Չայկայի» վարորդը Ռազմիկն էր։ Կենտկոմի «գարաժի» երկրորդ «Չայկան» հյուրերի համար էր, որի բանալիները վստահում էին ամենափորձառու և բոլոր առումներով ստուգված վարորդներին։

Հյուրերի «Չայկայի» վարորդի համար հյուրից որևէ բան խնդրելը կամ նրա հետ խոսակցության բռնվելը նշանակում էր ստորագրել աշխատանքից ազատմանան դիմումը, որը հենց տեղնուտեղը ի կատար էր ածվում։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։