«…թուրքական ղեկավարության հրամանը իրականում մի ողջ ժողովրդի մահվան դատավճիռ էր»․ ինչպե՞ս էր դանիացի միսիոներուհին օգնում հայերին

Հայոց ցեղասպանությունը իր սև հետքը թողեց մեր պատմության մեջ։ Կատարվածի հետևանքները չի լինում ջնջել ու մոռանալ երբեք։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ կազմակերպություններ ու միսիոներներ օսկսեցին օգնության ձեռք մեկնել հայ կանանց ու երեխաներին՝ ազատվելու իսլամական գերությունից:

Հայ կանանց և որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ավանդը: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` նա հնարավորություն ստացավ ազատ իրականացնելու իր առաքելությունը: Հայ կանանց ու երեխաների հավաքագրման գործում Կ. Եփփեն առաջնորդվում էր «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով` այդպես վճարելով նրանց փրկության համար:

Նրան հաջողվել է հարեմներից փրկել մոտ 400 հայուհու: Հայուհիների համար ապաստարաններ դարձան Սիրիայի հյուսիսարևմտյան մի շարք բնակավայրեր, ինչպես օրինակ՝ Հալեպի «Մեյդան» կոչված վայրը, Թել ուլ-Աբյադ, Թել Արման, Թել Սիմեն, Աբու Թինա գյուղերը և այլն: Մեջբերենք Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը․

«… երբ թուրքական ղեկավարությունը այս տեղահանությունների հրամանն արձակեց, նրանք իրականում տալիս էին մի ողջ ժողովրդի մահվան դատավճիռ. նրանք սա լավ էին գիտակցում և ինձ հետ խոսելիս առանձնահատուկ ջանք չէին գործադրում այդ փաստը քողարկելու համար»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.genocide-museum.am/։