Հիշողություններ մեծ արտիստի մահից հետո. Ջիգարխանյանի հռչակը ապշեցնում էր, վեր էր բոլոր ցուցիչներից

Ինչպես բոլորի է հայտնի 85 տարեկանում հավերժի ճամփան բռնեց հայազգի մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Նա ուներ ընտանեկան ու առողջական խնդիրներ և վերջին տարիներին ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում էր։

Իր կյանքի վերջին տարիներին, ինչի միջով ասես, որ չանցավ մեծագույն արտիստը։ Ջիգարխանյանը մեր բոլորի հիշողություններում մնաց այնպիսին, ինչպիսին նա կար իրականում. առանց ասեկոսեների և չարախոսությունների։ Ջիգարխանյանն ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն էր, իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ վերաբերում էր Արմենին, կարելի էր իմանալ Ներսեսի միջոցով։

Ինչ-ինչ, բայց գովազդի կարիք Ջիգարխանյանը չուներ. նրա հռչակը ապշեցնում էր, վեր էր բոլոր ցուցիչներից։ Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Նա սերում է թիֆլիսահայ հնագույն սերնդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։

Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։ Ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։