Ամերիկյան ու ռուսական թերթերի հայ խմբագիրն ու պատմաբանը, ով համարվում է Կուբայի մեծագույն բարեկամը

Պատմաբան, լրագրող ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ծնվել է Թիֆլիսում: 1950թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի միջազգային բաժնում: 1957-61թթ եղել է Ուրուգվայում ԽՍՀՄ դեսպանության մամուլի գործերի կցորդ: Ղեկավարել է մամուլի «Նովոստի» գործակալության Լատինական Ամերիկայի գլխավոր խմբագրությունը:

Խաչատուրովը եղել է «Նովոստի» գործակալության վարչության փոխնախագահը, ապա՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի առաջատար գիտաշխատող, «Նեզավիսիմայա գազետա» թերթի տեսաբան՝ լատինամերիկյան հարցերով: 1978թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1981թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են Լատինական Ամերիկայի երկրների պատմությանը և արդիական հիմնախնդիրներին:

Կարենը ՌԴ ակադեմիկոս է: Արժանացել է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների, Կուբայի Հանրապետության «Բարեկամություն», «Ռազմական նվիրատվության համար» (Աֆղանստանում միջազգային պարտքի կատարման համար) մեդալների, իսկ 1999թ.՝ Ռուսաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչմանը: Մեր հայրենակիցն ու մեծ դիվանագետը մահացել է Մոսկվայում: