«Ապրել եմ շատ քիչ, որպեսզի կարողանամ գնահատել տատիկիս ապրած կյանքը»․ թոռան հիշողությունները Ցեղասպանություն ապրած տատի մասին

Ցեղասպանություն վերապրած ականտես հայուհի Ռոզա Խոնդկարյանը իր զավակներին ու թոռներին է փոխանցել հայ ժողովրդի պատմության այն դրվագը, որը սերնդեսերունդ պետք է հիշվի` ի նշան հայերի մաքառումի ու վերածնունդի: Այսօր էլ նրա թոռներն են պատմում աշխարհին` իրենց տատիկի օրինակով ցեղասպանության ենթարկված, սակայն մոխրից հառնած ժողովրդի մասին:

«Ապրել եմ շատ քիչ, որպեսզի կարողանամ գնահատել տատիկիս ապրած կյանքը։ Պատկերացնելու համար նրա ապրած հարյուր տարին, պետք է ես էլ ապրեմ հարյուր տարի։ Այդ տարիներն իր մեջ պարունակում էր և՛ ցավ, և՛ ուրախություն, և՛ ծնունդ, և՛ մահ։ Այն կարծես հարյուր էջանոց գիրք լինի։

Բայց ես տատիկիս հետ էի մանկուց և կարողացել եմ թերթել և նույնիսկ կարդալ այդ գիրքը։ Գուցե ամբողջովին չեմ ընկալել, բայց միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել այդ պատմությունների հանդեպ: Նա հիմնականում պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այդպես մենք կարծես նստում էինք ժամանակի մեքենան և գնում դեպի խոր անցյալ»,- գրել է Ռոզայի թոռը՝ Արամայիս Միրզոյանը: Տաթևիկ Գրիգորյանի հոդվածից։