«Դրսում սպասում էին ավելի քան 100 հյուծված ու մերկ երեխաներ»․ գոյություն ունեցող ամենամեծ որբանոցն աշխարհում հայերի համար ստեղծվեց

Ցեղասպանության տարիներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ, որոնք սկսեցին զբաղվել հայ մանուկներին ու կանանց օգնելով։ Այդ ամբողջ աշխատանքները իրականացվում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի միջոցով։

Ալեքսանդրապոլում Նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թվականին քաղաքագլխի՝ Լևոն Սարգսյանի և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջև կնքված պայմանագիրը՝ քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ:

Նպաստամատույցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվեցին թափառաշրջիկ որբերը, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորեցին հիվանդանոցներում կամ որբանոցներում: Կառույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որոնք ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին:Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր Որբաքաղաք:

«Դրսում սպասում էին ավելի քան 100 հյուծված, գրեթե մերկ, ոջլոտ ու հիվանդ երեխաներ՝ ամեն օր համբերությամբ հուսալով, թե ամերիկյան հնարամտությամբ իրենց համար էլ տեղ կգտնվի որբանոցի պատերի ներսում…», -ասել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Ջոն Մեյսը։ ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.genocide-museum.am/։