Հայ որբերի անհամբեր սպասումը․ ինչպես կազմակերպվեց աննախադեպ փրկության առաքելությունը

Ձեզ ենք ներկայացնում մի լուսանկարի պատմություն, որտեղ Ալեքսանդրապոլի հայ տանջված, ցնցոտիավոր որբերն են։ Նրանք ձմռան ցրտին, կանգնած են ձյան մեջ, սպասում են, թե երբ կմտնեն որբանոց: Նրանց համար նման հնարավորություն կարող էր ստեղծվել միմիայն այն դեպքում, երբ որբանոցի սաներից մեկը հոգին ավանդեր, և թափուր տեղ առաջանար նոր որբ ընդունելու համար…

Ցեղասպանության զոհ դարձան տասնյակհազարավոր հայ երեխաներ, ովքեր հրաշքով փրկվեցին՝ զրկվելով ծնողական գուրգուրանքից և որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և նրանց գոյությունը ապահովելու նպատակով սկիզբ առավ մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ունեցավ ամերիկյան նպաստամատույց կոմիտեն:

Այն ակտիվ գործունեություն ծավալեց Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում: Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որոնք ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.genocide-museum.am/։