ԱՆՎԱՆԻ և սիրված ՀԱՅ դերասան, ով անզուգականորեն կերտեց 500-ից ավել դեր և դարձավ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ. նրան սիրում և պատվում էին անգամ Բաքվում

Հայ դերասան, ՀԽՍՀ (1925) և ԱԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Աբելյանը ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ 

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) և այլն։ Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։

1887-1891 թվականներին խաղացել է Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերի ներկայացումներում, 1891 թվականից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններում։ 1895 թվականին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թվականին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թվականին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ։ 1920 թվականին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում։

Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Գունիայի, Ն. Գարոնիա-Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիևի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։Հենց Նա ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն (1904)։ 1913 թվականին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահն Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932 թվականին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Վանաձորի դրամատիկական թատրոնը (1936 թվականից) և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանն Ալեքսանդր Աբելյանի եղբայրն էր։