«Տարօրինակ տեսքով ու անտարբեր ձայնով» երիտասարդը, ով դարձավ ամբողջ աշխարհի պարծանքը

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»։ Այսպես է ասել Շառլ Դը Գոլը Ազնավուրի մասին։ Շառլ Ազնավուրը ոչ միայն մեծագույն էր երգիչ էր, արտիստ այլ նաև դերասան։ Նրա դերասանական կարիերան երգին զուգահեռ շարունակվում էր 60-ի հասնող ֆիլմերով: Ամենաճանաչվածներից է Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը (1960թ.): Նա այստեղ խաղում է դաշնակահար Էդուարդ Սարոյանի դերը:

Ազնավուրի ստեղծագործական կյանքին անդրադարձողները հաճախ են նշում, որ նա կինոյում ավելի ջերմ ու առանց դժվարության ընդունվեց, քան երգարվեստում: Վերջինս երկար ու համառ պայքարով պիտի նվաճվեր: Մինչդեռ կինոն… իրար էին հաջորդում նկարահանվելու առաջարկները, նրան գնահատեցին ու ընկերներ դարձան կինոյի և թատրոնի այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Ժան Կոկտոն, Ժան Գաբենը, հետագայում՝ Ժան Պոլ Բելմոնդոն և ուրիշներ:

Ազնավուրը նաև հայտնի ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ էր, դրանցից մի քանիսը դարձել են համաշխարհային մեծ ճանաչում և սեր վայելող երգեր:

«Après l’Amour», «She», «Yesterday, When I Was Young (Hier Encore) », «La Boheme», «You’ve Let Yourself Go (Tu T’Laisses Aller) », «Isabelle». սրանք Ազնավուրի միջազգային այցեքարտերն են՝ երկարատև ու չափազանց դժվարին արգելքների միջով ձեռք բերված: Քննադատներն անողոք էին նրա հանդեպ, իսկ հետո հասկացան, որ նրանց  աչքին այդ «տարօրինակ տեսքով ու անտարբեր ձայնով» երևացող երիտասարդը իրենց իսկ պարծանքն էր դառնալու: