Խիզախ ՀԱՅՈՒՀԻՆ, ով կատարել է 14 պարաշյուտային և 25 օդանավով ինքնուրույն թռիչքներ

Նինել Մաթևոսի Ղարաջյանը ծնվել է 1916 թ. հունվարի 10-ին Լոռու Հոբարձի գյուղում։ Մայրը՝ Իսկուհին Կուրթան գյուղից էր։ Նինելը առաջին պարաշյուտային թռիչքը կատարել է 1935 թ. ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում, 600 մետր բարձրությունից։ Հետո նույն տարում թռիչքներ է իրականացրել նաև Լոռվա երկնքից՝ Ստեփանավան, Օձուն, իր մոր և հարազատների ներկայությամբ։

Ընդամենը մեկ տարի անց 20-ամյա Նինելը, պատասխանելով «Սովետական Հայաստանի» թղթակցի հարցերին, թվարկել է իր սիրած գրքերը՝ «Ինչպես է կոփվում պողպատը», «Քաոս», «Կամո», իսկ ավելի վաղ, երբ տասնչորս տարեկանում դիմել էր կոմերիտմիության շարքերն ընդունվելու, նրա Խաթում անունը դարձել է Նինել (Լենին անունը հակառակ ընթերցանությամբ)։

Ընդհանուր առմամբ Նինել Ղարաջյանը կատարել է 14 պարաշյուտային և օդանավով 25 ինքնուրույն թռիչքներ։ 1938-41 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, եղել է ՀԼԿԵՄ 9-րդ (1935 թ.) եւ ՀաՄԼԿԵՄ 10-րդ համագումարների պատգամավոր։ Նա պատիվ է ունեցել նստելու Աղասի Խանջյանի, Միխայիլ Կալինինի եւ Սերգո Համբարձումյանի կողքին։ Պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով, 1991-ից կրում է հայրենի գյուղի պատվավոր բնակչի կոչում։ Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆԻ հոդվածից։